Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը մոսկվացիների համար 20 աստիճան ցրտին անցկացվող հանրահավաքներին մասնակցելու դրեսս-կոդ է սահմանել:  Նա արգելել է փետրվարի 4-ին փողոց դուրս գալ սովորական հագուստով:

«Գտեք տատիկի վալենկաները, մորթե հաստ բաճկոնները, որոնք ցեցը դեռ չի հասցրել ուտել, եւ որոնք 80-ական թվականներին զգլխիչ հարստության նշան էին, եւ գնացեք հանրահավաքի` որ ուղղությամբ ցանկանում եք», -ասել է Օնիշենկոն:
Ռուսաստանի սպառողների իրավունքների վերահսկողության ղեկավարը նշել է, որ մոսկվացիները դադարել են եղանակին համապատասխան հագնվել, եւ բոլորն այնպես են հագնվում, որպեսզի կարողանան վազելով հասնել մեքենային, ավտոբուսին կամ մետրոյին:

Բժիշկը նաեւ նշել է, որ տաք թեյը ուժեղ ցրտին այնպես չի օգնի, ինչպես ալկոհոլը: Նա նաեւ խորհուրդ չի տվել սառնամանիքին սնվել ծանր եւ յուղոտ սնունդով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Մոսկվայի իշխանությունները կազմակերպիչների հետ երկար բանակցություններից հետո համաձայնեցրել են  ընդդիմության երթն անցկացնել փետրվարի 4-ին «Օկտյաբրսկայա» մետրոյից մինչեւ Բոլշայա Յակիմանկա` մինչեւ 50 հազար մարդով: Այդ նույն օրը Պոկլոննայա լեռան մոտ տեղի կունենա Պուտինին աջակցողների հանրահավաքը:

Ընդ որում, ըստ օդերեւութաբանների` փետրվարի 4-ին Մոսկվայում 20 աստիճանանոց սառնամանիք է լինելու: