«Տրանսաերո» ավիաընկերության ինքնաթիռում, որը թռչում էր Մոսկվայից Հարավային Սախալինսկ, այսօր` փետրվարի 2-ի առավոտյան, ուղեւորուհիներից մեկը երեխա է ունեցել:

Հարավային Սախալինսկի օդանավակայանի մամլո ծառայությունը հայտնում է, որ թռիչքի ընթացքում 45-ամյա Այգուլ Կոչորովայի մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել, որի մասին անձնակազմը հայտնել է «Հարավային Սախալինսկ» օդանավակայանի համակարգող կենտրոնին:

Բարեբախտաբար ուղեւորների մեջ մանկաբարձուհի է եղել, որը անձնակազմի օգնությամբ շտապ ծննդաբերություն է ընդունել: Նորածինը մոր չորրորդ երեխան է:

Ինքնաթիռը «Հարավային Սախալինսկ» օդանավակայան է վայրէջք կատարել տեղական ժամանակով 12:28-ին: Նրանց արդեն սպասելիս են եղել օդանավակայանի բժշկական տեղամասի աշխատակիցները եւ քաղաքային շտապօգնությունը: Մասնագիտական բժշկական զննումից հետո մորն ու երեխային իջեցրել են ինքնաթիռից եւ փոխադրել շտապօգնության մեքենա , որը նրանց տարել է շրջանային ծննդատուն, հայտնում է  «Սախալին.Ինֆոն»: