Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը Կահիրեում հանդիպել է իր եգիպտացի գործընկեր Հասան Ռաշիդի և Կատարի վարչապետ և արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ՝ քննարկելու համար Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլը, հաղորդում է NTV-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կողմերը համաձայնել են ակտիվացնել ջանքերը՝ համագործակցելով Միացյալ Նահանգների հետ, որպեսզի վերացնեն հրադադարի պահպանման շուրջ Իսրայելի ստեղծած բոլոր խոչընդոտները։

Հանդիպման ժամանակ Թուրքիան վերահաստատել է Պաղեստինին իր շարունակական աջակցությունը և շարունակել է նրան համապարփակ օգնություն ցուցաբերել։

Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «համապարփակ ծրագիրը» Գազայի հակամարտության կարգավորման համար։ Ծրագիրը ներառում է 20 կետ, դրանց թվում՝ անկլավի ժամանակավոր արտաքին կառավարումը և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայումը։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնագիր են ստորագրել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, իսկ հոկտեմբերի 10-ին ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնագիրը։