Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «կամավորների կոալիցիան» կստեղծի աշխատանքային խումբ՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, Թուրքիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու համար։

«Մենք որոշել ենք վաղվանից Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ, որը կարևոր դեր է խաղում ծովային ոլորտում, և առաջին անգամ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել։ Առաջիկա օրերին կկարողանանք մանրամասնորեն քննարկել յուրաքանչյուր կողմի ներդրումը և այդպիսով վերջնականապես հաստատել անվտանգության երաշխիքները»,- նշել է Մակրոնը «կամավորների կոալիցիայի» հետ բանակցություններից հետո։ Ըստ РИА Новости գործակալության՝ նրա ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի YouTube-յան ալիքով։

Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայում կարգավորման ծրագրի մշակման մասին, սակայն մանրամասները դեռևս չեն բացահայտվում, քանի որ փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են։