Գվինեա-Բիսաուում հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, Jeune Afrique գործակալությանը հայտնել է նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոն։ Պետության ղեկավարը ձերբակալված է։

Ձերբակալվել են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բիագե Նա Նտանը, նրա տեղակալ, գեներալ Մամադու Տուրեն և ներքին գործերի նախարար Բոչե Կանդեն։ Նախագահը դավադրության մեջ մեղադրում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Նախագահական պալատի մոտ ցերեկը կրակոցներ են հնչել, հաղորդում են Jeune Afrique գործակալությունը, Ֆրանսպրես գործակալությունը, ինչպես նաև РБК-ն։

Երեք օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, երկրում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Էմբալոն հայտարարեց հաղթանակի մասին՝ հավաքելով ձայների 65%-ը։ Պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեին նոյեմբերի 27-ին։ Քվեարկությունը խաղաղ էր, սակայն ընդդիմության առաջնորդ Դոմինգոս Սիմոեշ Պերեյրան զրկվեց քվեարկությանը մասնակցելուց, իսկ ընդդիմության թեկնածու դարձավ Ֆեռնանդո Դիաշ դե Կոստան, որը ևս հայտարարեց իր հաղթանակի մասին։

1974 թվականին Պորտուգալիայից անկախություն ձեռք բերելուց ի վեր Գվինեա-Բիսաուն բազմաթիվ հեղաշրջումներ է վերապրել։ Էմբալոն, որը 2019 թվականի դեկտեմբերին ընտրվել էր հինգ տարի ժամկետով, ավելի վաղ՝ 2022 թվականի փետրվարին և 2023 թվականի դեկտեմբերին կասեցրել էր հեղաշրջման փորձերը։ Այդ ժամանակ նախագահը նշել էր, որ հեղաշրջումները ներառում էին սպառնալիքներ իր, ինչպես նաև վարչապետի և ամբողջ կաբինետի կյանքին։