Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր` փետրվարի 2-ին, հանդիպել է ԱԺ « Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, ինչպես նաեւ Քաջարան համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ կառավարության 2011թ.-ի ապրիլի 27-ի N 627 որոշման` մասնավորապես Քաջարան համայնքի շուրջ ծագած խնդիրները:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման արդյունքում որոշվել է շարունակել քննարկումները՝ բարձրացված հարցերին լուծումներ տալու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաեւ համատեղ աշխատանքային խորհրդակցություններ կազմակերպել Քաջարան համայնքում:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման, «բացառիկ գերակա հանրային շահի համար» օտարման ենթակա հողեր են ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա եւս 4 գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի (շուրջ 600 հա) գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նպատակային նշանակությունը փոխելուց հետո տրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին` բաց հանքի շահագործման եւ թունավոր թափոնների գերեզմանոցների տեղադրման համար:
Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են ԶՊՄԿ-ի նոր ծրագրին` ավելի մեծ ծավալով բաց հանքի շահագործմանը եւ դրա արդյունքում առաջացած թունավոր թափոնների համար հին պոչամբարի ծավալների մեծացմանը, ինչը վերջնականապես Սյունիքի մարզը բնակավայրից կվերածի հանքավայրի ու թունավոր թափոնների գերեզմանոցի: Բնակիչներն իրենց բողոքը հայտնեցին անտանելի սոցիալական վիճակի առնչությամբ: «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ներկայիս ծավալները մի քանի անգամ գերազանցում են խորհրդային տարիների ցուցանիշը, պղնձի եւ մոլիբդենի գինը միջազգային շուկայում անհամեմատ բարձր է, քան նախկինում, սակայն Քաջարանն ու ամբողջ մարզը Հայաստանի ամենահարուստ, բարեկեցիկ բնակավայրը լինելու փոխարեն այսօր ծայրահեղ աղքատության մեջ են եւ հայտնվել են լինել-չլինելու հարցի առջեւ»,- ասել է Քաջարանի գյուղապետը` համոզմունք հայտնելով, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ:




























