Նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ Տավուշի մարզում։
Օպերատիվ և համակարգված միջոցառումների հետևանքով ամբողջությամբ մարվել են՝Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։
Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում, շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:
Այս պահին աշխատանքները լիարժեք վերահսկվում են, և իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև բոլոր հրդեհային օջախների ամբողջական մարում։
Ցավով հայտնում ենք, որ լայնածավալ գործողությունների ընթացքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, տեղի է ունեցել դժբախտ պատահար․ զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս ծառայող շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ներքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված ծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։
Հանրությանը կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցանկացած հրդեհի կամ ծխի դեպք նկատելու դեպքում անմիջապես զանգել 911։




























