Շիրակի մարզի որոշ համայնքային նշանակության ճանապարհներին ձնաբուք է: Մասնավորապես Գյումրի- Մարմաշեն- Վահրամաբերդ տանող ճանապարահատվածում ձնաբքի պատճառով ճանապարհին են մնացել 20-ից ավելի ավտոմեքենաներ: Վարորդները եւ ուղեւորները ստիպված են եղել թողնել մեքենաները ճանապարհին եւ ոտքով շարունակել ճանապարհը: Այս մասին NEWS am-ին հայտնել են ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից:
Մի քանի մեքենա գիշերվանից են մնացել գյուղ տանող ճանապարհին: Որոշ վայրերում, սաստիկ քամու պատճառով ձյուն մաքրող տեխնիկան չի կարողացել սպասարկել ճանապարհի այդ հատվածը եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Մի քանի օր շարունակվող ինչպես նաեւ գիշերվա սաստիկ քամին, պատճառ են դարձել, որ որոշ համայնքային նշանակության ճանապարհներ փակվեն: Մասնավորապես Գյումրի- Աշոցք- Ամասիա, ինչպես նաեւ Գյումրի- Ջաջուռ տանող ճանապարահատվածներն ամբողջ օրվա ընթացքում դժվարանցանելիեն:
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի համայնքային եւ միջպետական նշանակության ճանապարհներին փետրվարի 2-ի վաղ առավոտից աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: «Շարունակվող տեղումները խանգարում են նորմալ երթեւկության ապահովմանը: Վարորդներից շատերը ստիպված են եղել թողնել մեքենաները եւ ոտքով շարունակել ճանապարհը»,- ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պատասխանատուն:
«Գյումրի» ավտոկայարանից NEWS am-ին հայտնեցին նաեւ, որ առաջին միկրոավտոբուսը Գյումրիից- երեւան մեկնել է մեկ ժամ ուշացումով. Լանջիկ -Մասթարա հատվածում ձնաբքի հետեւանքով ուշացել են մաքրման աշխատանքները: Էջմիածնից Գյումրի եւս առաջին միկրոավտոբուսը ժամանել է մեկ ժամ ուշացումով, իսկ Վանաձոր- Գյումրի ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսը օրվա ընթացքում այդպես էլ չի ժամանել ավտոկայան:
Ընդհանուր առմամբ, ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ միջհամայնքային նշանակության ճանապարհներն այսօր վաղ առավոտից եղել են դժվարանցանելի: Ֆինանսական խնդիրները, թե տեխնիկայի պակասն է պատճառ դարձել, որ մաքրման աշխատանքներ որոշ շրջաններում չեն իրականացվել: Մարզպետարանի համապատասխան վարչությունից հայտնում են, որ ֆինանսական խնդիրներ չկան: Պետական բյուջեից ամառային եւ ձմեռային աշխատանքների իրականացման համար հատկացվել է շուրջ 105 միլիոն դրամ գումար:




























