Հայաստանում եւ ժողովրդավարական երկրներում համամասնական ընտրացուցակների ձեւավորման մեխանիզմը 180 աստիճանով տարբերվում են իրարից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Եվրոպական ժողովրդավարական երկրներում, որտեղ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, ժողովրդավարություն կա ինչպես բուն երկրում, այնպես էլ հասարակությունում եւ կուսակցության մեջ: Այնտեղ ավտորիտարիզմը կամ մեկ հոգու կողմից ցուցակների կազմումը անհնարին է: Նույն Գերմանիայում Անգելա Մերկելը թուղթուգրիչը ձեռքին չի որոշում` ում ընդգրկել, ում` ոչ: Այնտեղ ներկուսակցական ընտրությունների` փրայմերիզների մեխանիզմ է գործում, որը վերահսկվում է եւ կուսակցականների եւ հասարակության կողմից»,- նշեց փորձագետը եւ հավելեց. «Քանի որ ԱՊՀ-ում, նաեւ Հայաստանում չենք հասել ժողովրդավարոթւյան այդ մակարդակին, մեզ մոտ ցուցակների կազմման գործում մեծ դեր է խաղում կուսակցության ղեկավարը: Ոչ թե տակից է կազմվում ցուցակը, այլ վերեւից` ուրիշ չափորոշիչներով: Խոսքը լավ կամ վատ չափորոշիչների մասին չէ, այլ տարբերության: Դա չի նշանակում, որ այնտեղ ցուցակում ընդգրկված գործիչը լավն է, այստեղ` ոչ, ուղղակի սկզբունքներն են տարբեր 180 աստիճանով»:

Հայաստանյան մի շարք կուսակցություններ նաեւ նախընտրական հնարք են գործադրում` ցուցակի անցողիկ համարներում հասարակությանը հայտնի անձանց` մտավորականների, հասարակական գործիչների անուններ գրելով, սակայն ընտրություններից հետո նրանք հրաժարականի դիմում են գրում, եւ Ազգային Ժողովում հայտնվում են բացարձակապես անհայտ ու կասկածելի անձինք: Փորձագետի կարծիքով` այս մեխանիզմն իրեն չի արդարացնում: «Օրենքի տեսանկյունից խախտում չկա: Կուսակցությունն ինքն է որոշում` ում ընդգրկել: Դա զուտ քաղաքական խնդիր է: Ընդգրկողներին թվում է, որ եթե այդ մարդիկ լինեն իրենց ցուցակում, լրացուցիչ ձայներ կբերեն: Իրականում դա այդպես չէ:

Որովեհետեւ նախ շատ դժվար է ասել, թե ով է այսօր հեղինակություն, անգամ մտավորականների մեջ: Երկրորդ, կուսակցությունը պետք է հեղինակություն ունենա իր ընտրազանգվածի մոտ: Իր ընտրազանգվածի մոտ հեղինակություն ունենալու դեպքում կապ չունի` ում կընդգրկի ցուցակում: Հեղինակությունը ձեռք է բերվում բոլորովին այլ չափորոշիչով` աշխատանքով: Եւ երրորդ, նման քայլը խնդիրներ է ստեղծում կուսակցության մեջ, որ ակտիվիստի փոխարեն ուրիշին են ընդգրկում ցուցակում: Բնականաբար, ակտիվ կուսակցականը կցանկանա լինել ցուցակում, իսկ հիմա բերում են մեկին, ով ցուցակով հայտնվում է խորհրդարանում: Եւ երաշխիք չկա, որ նա կհրաժարվի: Փաստորեն սրանով չես խթանում ակտիվ կուսակցականին: Սա ուղղակի անիմաստ եւ «մոդայիկ» քայլ է»,- նշեց Արմեն Բադալյանը: