Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհորդորի վերանայել 2026 թվականին Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովին Հարավային Աֆրիկային մասնակցել արգելելու ւ որոշումը, հաղորդում է Ֆրանսպրեսը։

«Ես կփորձեմ ԱՄՆ նախագահի հետ իմ զրույցներում և հանդիպումներում... համոզել նրան, որ լավ գաղափար կլինի G20-ի բոլոր անդամներին Ամերիկա հրավիրելը», - ասել է Մերցը Բեռլինում՝ մամուլի ասուլիսում։

«Ես ցավում եմ, որ ամերիկյան կառավարությունը անցյալ շաբաթավերջին ներկա չէր Յոհաննեսբուրգում»,- նշել է Գերմանիայի կանցլերը՝ հավելելով, որ G20-ը «աշխարհում դեռևս գոյություն ունեցող ամենակարևոր բազմակողմ ձևաչափերից մեկն է»։

Մերցը նշել է, որ Հարավային Աֆրիկայի հետ հարաբերությունների խզումը, ի վերջո, Վաշինգտոնի շահերից չի բխի։

ԱՄՆ-ն և Հարավային Աֆրիկան ​​տարաձայնություններ ունեն ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հարցերի շուրջ, և անցյալ շաբաթ Վաշինգտոնն անտեսել է Յոհաննեսբուրգում տեղի ունեցած G20 գագաթնաժողովը։

Այս տարվա սկզբին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Թրամփը քննադատել էր Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ մասնավորապես նրան մեղադրելով երկրում «սպիտակամորթների ցեղասպանության» մեջ։

Չորեքշաբթի Թրամփը, վկայակոչելով սպիտակամորթ հարավաֆրիկացիների նկատմամբ ենթադրյալ «մարդու իրավունքների սարսափելի խախտումները», հայտարարել է, որ բացառում է Հարավային Աֆրիկայի մասնակցությունը​​ 2026 թվականի գագաթնաժողովին, որը կանցկացվի Թրամփի՝ Մայամիի գոլֆ-կուրորտում: