Եթե Եվրամիության երկրները որոշեն կրկին համագործակցել Ռուսաստանի հետ, Մոսկվան չի առարկի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է «Номанд» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Ղրղզստան կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Նա նշել է, որ Եվրոպան պետք է հաշվի առնի ռուսական շուկայում ստեղծված իրավիճակը, որտեղ շատ պատուհաններ զբաղեցնում են տեղական բիզնեսները։
«Մենք դեմ չենք դրան. բաց ենք բոլորի համար, պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, սակայն, անշուշտ, հաշվի առնելով ներկայիս իրողությունները։ Նկատի ունեմ՝ մեր շուկայում շատ պատուհաններ են զբաղեցնում հիմնականում ռուսաստանցի արտադրողները»,- նշել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը բացասաբար է ազդել ԵՄ երկրների վրա։ Որպես օրինակ՝ Ռուսաստանի նախագահը բերել է Գերմանիայում ստեղծված իրավիճակը, որտեղ, ըստ նրա, տնտեսությունն արդեն երրորդ տարին է, ինչ գտնվում է անկման մեջ։
Հոկտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական գազի փուլային դուրսբերումը 2026 թվականից՝ մինչև 2028 թվականը անցումային ժամանակահատվածով։ Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել այդ ծրագրին։ Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն ռուսական գազ գնել, քանի որ դրա փուլային դադարեցումը երկրին 10 միլիարդ դոլար կարժենա։





























