Ըստ ռազմական հետախուզության բարձրաստիճան աշխատակցի՝ հոկտեմբերին Գերմանիայում ռազմական բազաների վերևում գրանցվել է անօդաչու թռչող սարքերի դիտումների ամենաբարձր թիվը, ընդ որում՝ ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում ռազմածովային հաստատություններին, գրում է Reuters-ը։
Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հաճախակի նկատվել են բանակի և ռազմաօդային ուժերի բազաների վերևում, մասնավորապես՝ այն բազաների, որտեղ մարզվում են ուկրաինական զորքերը։ Հունվարին գերմանական ոստիկանությունը ռուսական լրտեսության կասկածանքով հետաքննություն էր սկսել՝ Բավարիայի մի քանի ռազմական բազաների վերևում անօդաչու թռչող սարքերի նկատվելուց հետո։
«Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) կարևորագույն ենթակառուցվածքներ ունի։ Ներկայում զինված ուժերի բոլոր ճյուղերից նավատորմն ամենաշատն է տուժում [անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով]»,- Reuters-ին հայտնել է Գերմանիայի BAMAD ռազմական հետախուզության ծառայության փոխնախագահ Թորստեն Աքմանը։
Աքմանը, սակայն, որևէ կոնկրետ թիվ չի բացահայտել կամ որևէ պատճառ չի ներկայացրել ռազմածովային միջոցների վրա ուշադրության կենտրոնացման ակնհայտ տեղաշարժի համար։
Գերմանիան տիրապետում է Բալթյան տարածաշրջանում ամենամեծ արևմտյան նավատորմին։ Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի համար ավելի կարևոր է դարձել 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր, ինչը Բալթիկ ծովի ափամերձ պետություններին՝ Շվեդիային և Ֆինլանդիային ստիպեց միանալ Արևմտյան ռազմական դաշինքին։
Ռուսաստանի սեփական բալթյան նավատորմը տեղակայված է Կալինինգրադի մոտակայքում։ Հյուսիսային ծովում տեղակայված Վիլհելմսհաֆենի ռազմածովային բազան Բունդեսվերի ամենամեծ կայազորն է։ Այն նաև զբաղվում է նավատորմի վերանորոգմամբ և սպասարկմամբ և կարևոր դեր է խաղում Հյուսիսային և Բալթիկ ծովերում գործողություններում։
Բալթիկ ծովով բաց ծովային ուղիների ապահովումը կենսական նշանակություն ունի դաշինքի համար, քանի որ դրանք կարող են դառնալ Բալթիկ ծովի պետությունների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի միակ մատակարարման գիծը, եթե Ռուսաստանի հետ որևէ հակամարտության դեպքում փակվի նրանց Լեհաստանին, և, հետևաբար, ՆԱՏՕ-ի մնացած տարածքին կապող նեղ ցամաքային միջանցքը։
Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պատրաստվածությունը բարձրացնելու համար Գերմանիան 2024 թվականին բացեց բազմազգ ռազմածովային շտաբ, որը ցանկացած հակամարտության ժամանակ կարող էր ղեկավարել ՆԱՏՕ-ի գործողությունները Բալթիկ ծովում։





























