Փետրվարի 2-ին Պապուա Նոր Գվինեայի ափերին խորտակված Rabaul Queen լաստանավի ավելի քան 100 ուղեւորներ համարվում են անհետ կորած: Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է Պապուա Նոր Գվինեայում Ավստրալիայի գերագույն հանձնակատար  Յան Կեմիշը:

Ըստ նրա` ընդհանուր առմամբ նավի վրա գտնվել են 372  ուղեւորներ: Հաջողվել է փրկել 246 մարդու, որոնց մեծ մասն արդեն ստացել է բժշկական օգնություն: Նավաբեկության  պատճառը դեռեւս հայտնի չէ:

Դրան զուգահեռ, տեղական ամբոխը գիշերը ավերել է այն նավագնաց ընկերության գրասենյակը, որին պատկանել է 1989 թվականին Ճապոնիայում կառուցված նավը: Անհետ կորածների հարազատները ցանկանում են տեղեկանալ իրենց հարազատների ճակատագրի մասին եւ ամեն ինչում մեղադրում են նավագնաց ընկերությանը: Ոստիկանությունն ստիպված է եղել միջամտել` գրասենյակի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: