Մինչև 2028 թվականը Ռուսաստանից բնական գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ԵՄ-ի ծրագիրը, հավանաբար, կխթանի British Petroleum-ի էներգետիկ նախագծերը Ադրբեջանում, որն արդեն իսկ գազ է մատակարարում Եվրոպային և ձգտում է ընդլայնել իր արտահանումը, ասված է Sova-ի և OC Mediaժի հրապարակման մեջ։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հոկտեմբերին ԵՄ գրեթե բոլոր անդամ պետությունների էներգետիկայի նախարարներն աջակցել են Ռուսաստանից խողովակաշարային և հեղուկացված բնական գազի ներմուծումը դադարեցնելու մասին կանոնակարգի նախագծին։ Առաջարկը նախատեսում է արգելել Ռուսաստանի հետ նոր պայմանագրերը 2026 թվականի հունվարից, դադարեցնել կարճաժամկետ գործարքները նույն թվականի հունիսից և չեղարկել երկարաժամկետ պայմանագրերը մինչև 2028 թվականի հունվարը։
Եթե Եվրոպական խորհրդարանը հավանություն տա այդ փաստաթղթին, այն կխթանի ադրբեջանական գազային նախագծերը, որոնց մեծ մասն իրականացնում է բրիտանական էներգետիկ հսկա British Petroleum-ը։
«2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր ԵՄ-ն զգալիորեն կրճատել է ռուսական գազի գնումները, սակայն որոշ երկրներ, դրանց թվում՝ Հունգարիան և Սլովակիան, շարունակում են ներմուծել խողովակաշարերի միջոցով: Մյուսները, մասնավորապես՝ Ֆրանսիան, Իսպանիան և Նիդեռլանդները, դեռևս գնում են ռուսական հեղուկացված բնական գազ: Ընդսմին, ընդհանուր միտումը մնում է նվազող. 2024 թվականին Ռուսաստանն ապահովել է ԵՄ գազի կարիքների մոտ 13%-ը՝ 2021 թվականի 45%-ի համեմատ»,- նշված է հոդվածում:
Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու իր ռազմավարության շրջանակում Եվրոպական հանձնաժողովը 2022 թվականի հուլիսին Բաքվի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որը նախատեսում է 2027 թվականին ադրբեջանական գազի ներմուծման կրկնապատկում՝ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր: Այդ ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որն անձամբ այցելել էր Բաքու՝ փաստաթղթի ստորագրումը վերահսկելու համար, Ադրբեջանին անվանել է «հուսալի գործընկեր»:
Շահ Դենիզը, որն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «Ծովի արքա», երկրի ամենախոշոր գազային հանքավայրն է, որի պաշարները գնահատվում է 1 տրիլիոն խորանարդ մետր: Ըստ հաղորդագրության՝ BP-ն նախագծում ունի 29,99% բաժնեմաս՝ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության, Հունգարիայի MOL-ի, Ռուսաստանի Լուկոյլի և Իրանի Nico-ի հետ միասին։
2020 թվականի դեկտեմբերից ի վեր Շահ Դենիզի գազը մատակարարվում է Եվրոպա, հիմնականում Իտալիա, 3500 կիլոմետրանոց Հարավային գազային միջանցքի (SGC) խողովակաշարային համակարգի միջոցով, որն անցնում է Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով և Ալբանիայով։ Ադրբեջանական գազը վաճառվում է նաև Հունաստանին, Բուլղարիային, Հունգարիային, Ռումինիային և Սլովենիային, ինչպես նաև մատակարարումներ են իրականացվում հարևան Վրաստան և Թուրքիա։
2024 թվականին Եվրոպա գազի արտահանումը աճել է մինչև 12,9 միլիարդ խորանարդ մետր՝ 2021 թվականի 8,1 միլիարդի համեմատ, և կանխատեսվում է, որ այս տարի այն կաճի և կհասնի 13,5 միլիարդ խորանարդ մետրի։
Իր պարտավորությունները կատարելու համար BP-ն և նրա գործընկերները սկսել են ուսումնասիրել Կասպից ծովի առկա և նոր բլոկներում առկա հնարավորությունները։ 2025 թվականի հունիսին BP-ի գլխավորած կոնսորցիումը հաստատեց 2,9 միլիարդ դոլարի ներդրում Շահ Դենիզի նոր ծովային կոմպրեսորային հարթակի կառուցման համար, որը նախագծի շահագործման ընթացքում լրացուցիչ 50 միլիարդ խորանարդ մետր գազ կարտադրի։
BP-ն նաև ղեկավարում է ACG Deep Gas նախագիծը, որը նպատակ ունի զարգացնել Կասպից ծովում գործող Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) նավթային բլոկի տակ գտնվող գազի պաշարները։ ACG Deep Gas-ից արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա սկզբին։
Շահ Դենիզի և այլ ծովային նախագծերի հետ միասին, Ադրբեջանի տարեկան գազի արտահանումը, կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում կաճի 8 միլիարդ խորանարդ մետրով։
«Ադրբեջանը պատրաստ է զգալիորեն ավելացնել գազի արտադրությունը, բայց դեռևս պարզ չէ, թե որտեղ կգնան լրացուցիչ ծավալները»,- OC Media-ին ասել է Բաքվի էներգետիկ վերլուծաբան Իլհամ Շաբանը։
Ըստ նրա՝ չնայած ԵՄ-ն ցանկանում է ստանալ ավելի շատ ադրբեջանական գազ, երկարաժամկետ պայմանագրեր կնքելու և խողովակաշարի ընդլայնման ֆինանսական աջակցության հարցում զգուշավոր է՝ սահմանափակելով մատակարարման աճը։ Այդ պատճառով Ադրբեջանը սկսել է անմիջական համաձայնագրեր կնքել առանձին գնորդների հետ։
Օրինակ՝ գերմանական Uniper AG-ն վերջերս խոշոր համաձայնագիր է ստորագրել՝ առաջիկա տասնամյակում Ադրբեջանից տարեկան առնվազն 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծելու վերաբերյալ։
Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ չնայած Բաքուն դիտարկում է այլ շուկաներ՝ հուլիսին պետական նավթագազային SOCAR ընկերությունը սկսեց Թուրքիայի միջոցով տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Սիրիային՝ պահանջարկի աճին զուգընթաց ծավալները մեծացնելու ներուժով, Եվրոպան մնում է առաջնահերթություն։
«Մեր բնական գազի մատակարարման հիմնական ուղղությունը Եվրոպան է»,- ասել է Ալիևը Al Arabiya-ին տված վերջերս տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այժմ գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների, որոնցից ութը ԵՄ անդամ են, և վստահություն է հայտնել, որ իր երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ միայն կաճի։
Չնայած գազի արտադրության աճին, Ադրբեջանում նավթի արտադրությունը ավելի քան մեկ տասնամյակ նվազում է: ACG բլոկը, որը կազմում է երկրի նավթի արտադրության մեծ մասը, 2025 թվականի առաջին կեսին արտադրել է մոտ 59 միլիոն բարել՝ օրական 327 հազար բարել, նախորդ տարվա 61 միլիոն բարելի համեմատ։
Ընդսմին, անկման տեմպը դանդաղում է. BP-ն օգնում է կայունացնել արտադրությունը 6 միլիարդ դոլար արժողությամբ Azeri Central East (ACE) հարթակի միջոցով, որը յոթերորդն է 2024 թվականի ապրիլին արդյունահանումը սկսած հանքավայրում, և որը տարվա առաջին կեսին մատակարարել է օրական մոտ 25 հազար բարել: Ակնկալվում է, որ ACE-ն իր կավելացնի օրական մինչև 100 հազար բարել, իսկ նախագծի շահագործման ժամկետի ընթացքում՝ 300 միլիոն բարել:



























