Իսպանիայի գյուղատնտեսության նախարար Լուիս Պլանասը շաբաթ օրը հայտարարել է, որ խոզի աֆրիկյան ժանտախտի՝ վերջին երեք տասնամյակում առաջին բռնկման հետևանքով արգելափակվել է խոզի մսի արտահանման սերտիֆիկատների մոտ մեկ երրորդը, տեղեկացնում է Reuters-ը։

«400 արտահանման սերտիֆիկատներից, որոնք նախատեսված են 104 երկրի համար, արգելափակվել է մեկ երրորդը։ Մենք աշխատում ենք հնարավորինս արագ դրանք բացելու ուղղությամբ», – ասել է նախարար Պլանասը մամուլի ասուլիսում։

Վիրուսը, որը վերջին անգամ Իսպանիայում արձանագրվել էր 1994 թվականին, հայտնաբերվել է վեց վայրի վարազների մոտ՝ Բարսելոնայի մերձակայքում։

Պլանասը նշել է, որ երկրի խոզի մսի արտահանման ծավալը կազմում է 8,8 միլիարդ եվրո, որից 58 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպական միությանը։ Նա հավելել է, որ ԵՄ արտահանումը չի տուժել, բացառությամբ այն դեպքերի, որոնք հայտնվել են բռնկման աղբյուրի շուրջ 20 կիլոմետրանոց գոտում։

«Մեր խնդիրն է պահպանել միջազգային շուկաների բաց լինելը», – ընդգծել է նա։ Իսպանիայի հյուսիս-արևելյան Կատալոնիայի տարածաշրջանը փակել է մուտքը խոշոր բնական արգելոց, այն բանից հետո, երբ Բարսելոնայի մերձակայքում հայտնաբերված վեց վայրի վարազների մոտ արձանագրվել է խոզի աֆրիկյան ժանտախտի դրական արդյունք։

Կոլսերոլա արգելոցը փակվել է այցելության համար, իսկ բացօթյա միջոցառումները սահմանափակվել են բռնկման կենտրոնի մերձակայքում գտնվող 60 գյուղերում, հայտնել է Կատալոնիայի գյուղատնտեսության նախարարությունը։