Իսրայելն ավարտել է «Երկաթյա ճառագայթ» առաջադեմ ՀՕՊ համակարգի մշակումը, որը հիմնված է լազերային տեխնոլոգիաների օգտագործման վրա և դրա առաջին մատակարարումը իսրայելական բանակին նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերին։ Այս մասին հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ Դանիել Գոլդը։

«Ակնկալվում է, որ «Երկաթյա ճառագայթ» լազերային համակարգը հիմնովին կփոխի մարտադաշտում մարտական գործողությունների վարման կանոնները։ Մշակման ավարտից և դրա հնարավորությունները հաստատող համալիր փորձարկումների ծրագրից հետո մենք պատրաստ ենք իրականացնել դրա առաջին մատակարարումը Իսրայելի պաշտպանության բանակին՝ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին»,- ասել է Գոլդը, ում հայտարարությունները ներկայացնում է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ Իսրայելը «միաժամանակ արդեն աշխատում է նոր սերնդի համակարգերի վրա»։ «Համաձայն ՊՆ ռազմավարության՝ մենք ակտիվորեն մշակում ենք տեխնոլոգիական «անակնկալների» հաջորդ սերունդը ապագա կոնֆլիկտների համար՝ տիեզերական, հարձակողական և պաշտպանական ոլորտներում և դրանք շահագործման կներդնենք հարմար ժամանակին»,- հավելել է Գոլդը։

«Երկաթե ճառագայթ» համակարգը (հայտնի է նաև որպես «Լույսի վահան») նախատեսված է լազերային ճառագայթի միջոցով շատ կարճ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև ականանետային և հրետանային արկեր որսալու համար: Ակնկալվում է, որ այն նաև կկարողանա ոչնչացնել փոքր անօդաչու թռչող սարքեր:

Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացման պլանների մասին առաջին անգամ հայտնել է 2022 թվականին այդ պահին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նաֆթալի Բենեթը։ Այն ժամանակ նա առաջարկել էր ստեղծել պաշտպանական «լազերային պատ», որը կկարողանար փոխարինել մեծ քանակությամբ հրթիռ-որսիչներին և դառնար ավանդական ՀՕՊ համակարգերի ավելի էժան այլընտրանքը։ Արդեն 2022 թվականի ապրիլին հրեական պետությունը հայտարարել է «Երկաթյա ճառագայթի» առաջին հաջող փորձարկումների մասին, որոնց ընթացքում համակարգը կարողացել է որսալ ականանետային և հակատանկային արկեր, ինչպես նաև հրթիռներ։