Վրաստանի իշխանությունները միջազգային դատարաններում հայց կներկայացնեն BBC-ի դեմ՝ ոստիկանության կողմից ցուցարարների դեմ քիմիական նյութերի ենթադրյալ օգտագործման մասին հոդվածում կեղծ տեղեկատվության համար։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։
BBC-ն երեկ հոդված է հրապարակել, որում պնդել է, որ Վրաստանի իշխանությունները՝ 2024 թվականին ցուցարարների դեմ հավանաբար օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր մնացած քիմիական զենք։ Հոդվածի հեղինակները իրենց եզրակացությունները հիմնել են Թբիլիսիում ցուցարարների մեկնաբանությունների վրա։
«Հաշվի առնելով, որ այս կեղտոտ քարոզչական նյութը Վրաստանի կառավարությանը, վրացական ոստիկանությանը և, որ ամենակարևորն է, Վրաստանի պետականությունը սևացնելու փորձ է, ապա մենք որոշում ենք կայացրել միջազգային դատարաններում իրավական վեճ սկսել կեղծիք տարածող ԶԼՄ-ի նկատմամբ։ Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր իրավական ուղիները, որպեսզի կեղծիք տարածող այդ այսպես կոչված ԶԼՄ-ն պատասխան տա կեղտոտ կեղծ մեղադրանքներ տարածելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։





























