Մինչ ԱՄՆ-ը պատրաստվում է ցամաքային հարձակում սկսել Վենեսուելայի տարածքում, Սպիտակ տան և Կարակասի միջև երկար սպասված հեռախոսազրույցը, որի նպատակն էր լիցքաթափել ճգնաժամը, պարունակում էր կոշտ ուղերձ բռնապետ Նիկոլաս Մադուրոյին. «Դուք կարող եք փրկել ձեզ և ձեր սիրելիներին, բայց պետք է անհապաղ լքեք երկիրը»,- Miami Herald-ին հայտնել են զրույցին ծանոթ աղբյուրները։
Զրույցը, որի մասին The New York Times-ը հաղորդել էր անցյալ շաբաթ, արագ փակուղի մտավ, երբ ակնհայտ դարձավ, որ երկու կողմերի դիրքորոշումներն էապես տարբերվում են։
Վաշինգտոնը պահանջեց, որ Մադուրոն և նրա մերձավոր դաշնակիցներն անհապաղ լքեն Վենեսուելան, մինչդեռ ռեժիմի առաջնորդներն առաջարկել են քաղաքական վերահսկողությունը հանձնել ընդդիմությանը։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ ուղերձը Մադուրոյին հստակ էր. նրա, նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի և որդու անվտանգ անցումը կապահովվի միայն այն դեպքում, եթե նա համաձայնի անհապաղ հրաժարական տալ։
Ըստ աղբյուրներից մեկի՝ հեռախոսազանգը, որը համարվում էր ուղղակի բախումից խուսափելու վերջին փորձ, փակուղի է մտել երեք հարցի պատճառով։
«Նախ, Մադուրոն խնդրել է ընդհանուր համաներում իր և իր խմբի կատարած բոլոր հանցագործությունների համար, սակայն դա մերժվել է։ Երկրորդ, նրանք խնդրել են պահպանել զինված ուժերի նկատմամբ վերահսկողությունը՝ ազատ ընտրությունների դիմաց»,- հայտնել է աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։
Երրորդ խոչընդոտը ժամկետն էր. Վաշինգտոնը պնդում էր Մադուրոյի անհապաղ հրաժարականը, մինչդեռ Կարակասը հրաժարվել է։ Հեռախոսազանգը միջնորդել էին Բրազիլիան, Կատարը և Թուրքիան։ Շաբաթ օրը Վենեսուելայի օդային տարածքը «լիովին փակ» համարելու մասին Թրամփի հայտարարությունից հետո Մադուրոյի կառավարությունը կրկին փորձել է կապ հաստատել Վաշինգտոնի հետ, սակայն արձագանք չի ստացել։



























