Թուրքիայի տարածքային ջրերում գտնվող լցանավերի վրա հարձակումն այդ պետության ինքնիշխանության նկատմամբ հարձակում է, ըստ Интерфакс-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հարձակումը, հատկապես Թուրքիայի տարածքային ջրերում, առևտրային նավերի, լցանավերի վրա, աղաղակող դեպք է։ Առավել ևս, դա ոտնձգություն է Թուրքիայի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ, ոտնձգություն այդ նավերի սեփականատերերի անվտանգության և սեփականության վրա։ Դա ավելորդ անգամ բացահայտում է Կիևի ռեժիմի էությունը»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Սև ծովում նոյեմբերի 28-ին հրդեհվել են Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos և Virat լցանավերը։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Նովոռոսիյսկ ուղևորվող նավերի վրա հրդեհը սկսվել է պայթյուններով և միջադեպը վերագրել է արտաքին ազդեցությանը։ Ըստ թուրք նախարարի՝ լցանավերը կարող էին պայթեցվել ականներից կամ հարվածվել մակերեսային անօդաչու թռչող սարքերից կամ հրթիռներից, իսկ Virat լցանավը նոյեմբերի 29-ին կրկին հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։





























