Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵՄ-ի և եվրոպական երկրների առաջնորդներին ուղղված նամակում 16 Նոբելյան մրցանակակիրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում և ազատ արձակել ռուսական և ուկրաինական բանտերում պահվող քաղաքացիական բանտարկյալներին։

«Խնդրում ենք Ձեզ խաղաղության համաձայնագրի նախագծում ներառել մի կետ՝ կապված քաղաքացիական անձանց հետ, որոնք միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել են որպես քաղաքական բանտարկյալներ, ներման կամ փոխանակման մասին։ Դա պետք է արվի առաջին հերթին հիվանդների, տարեցների, կանանց և դեռահասների համար», - գրում են դափնեկիրները։

Նամակում, որին ծանոթացել է DW-ն (Ռուսաստանի իշխանությունների կողմից ներառված է ԶԼՄ-օտարերկրյա գործակալների ցուցակում), ասվում է, որ «ռուսական բանտերում պահվում է ավելի քան հազար մարդ, որոնք դատապարտված են հակապատերազմական օրենսդրությամբ»։ Նամակը ստորագրած Նոբելյան դափնեկիրները կոչ են անում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն «բարի կամք դրսևորել և փոխադարձաբար ներում շնորհել առնվազն մի քանի տասնյակ բանտարկյալների, որոնք բանտ են ուղարկվել բացառապես իրենց անձնական կարծիքն արտահայտելու համար և բռնի հանցագործություններ չեն կատարել»։

Կոչը ստորագրողների, այդ թվում՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի և Խաղաղության մրցանակի դափնեկիրներ Դմիտրի Մուրատովի (որը Ռուսաստանում գրանցված է որպես «օտարերկրյա գործակալ») և Մարիա Ռեսայի կարծիքով, սա «կարագացնի երկարատև և արդար խաղաղության հաստատումը»։

Եզրափակելով՝ ուղերձի հեղինակները գրում են, որ «մարդու իրավունքները պետք է լինեն քաղաքականության կենտրոնում և դրանցից ամենակարևորներն են կյանքի իրավունքը, արժանապատվության իրավունքը և ազատության իրավունքը»։