Ուկրաինան և Նիդերլանդները երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն երկու երկրների տարածքում։ Այս մասին հայտնել են Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեքելմանսը և Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավար Դենիս Շմիգալը։ «Նոր փուլ. Ուկրաինան և Նիդերլանդները համատեղ կերպով անօդաչու սարքեր կարտադրեն երկու երկրներում։ Իմ ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ ստորագրում եմ համատեղ արտադրության («Build With Ukraine») մասին համաձայնագիր։ Սա ամրապնդում է մեր ընդհանուր անվտանգությունը, կայունությունն ու նորարարությունը», - գրել է Բրեքելմանսը X-ում՝ կիսվելով Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ անօդաչու սարքերի արտադրությունը կբաշխվի Ուկրաինայի և Նիդերլանդների միջև։ «Անօդաչուները կգնվեն նիդերլանդական կողմից և կփոխանցվեն Ուկրաինայի պաշտպանության ուժերին», - հայտնել է նա իր Telegram-ալիքում։ Համաձայնագրի այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Օգոստոսին հայտնի է դարձել, որ Նիդերլանդները կդառնա Եվրամիության առաջին երկիրը, որը ԱՄՆ-ից կգնի սպառազինություն՝ հետագայում Կիևին փոխանցելու համար։ Խոսքը PURL օգնության ծրագրի մասին է, որը ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի պետությունները Ուկրաինայի համար կգնեն ամերիկյան զենք։

Ինչպես պարզաբանել էր Բրեքելմանսը, այդ նպատակով հատկացվում է 500 մլն եվրո, որով ԱՄՆ-ից կգնվեն Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ և բաղադրիչներ, որպեսզի Ուկրաինան կարողանա «պաշտպանել իրեն և Եվրոպան ռուսական ագրեսիայից»։ De Telegraaf-ին տված հարցազրույցում նախարարը հստակեցրել էր, որ Patriot-ից բացի, օգնության փաթեթը կներառի HAWK ՀՕՊ համակարգի հրթիռներ և բաղադրիչներ, ինչպես նաև հրետանային արկեր։

Դեկտեմբերի 1-ին թագավորության պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Նիդերլանդներն այդ գումարին կավելացնեն ևս 250 մլն եվրո։ Այդ գումարով ԱՄՆ-ից կգնվեն, այդ թվում, F-16-ի զենիթային հրթիռներ և այն ռազմամթերքները, որոնք ամենից շատ են անհրաժեշտ ուկրաինական բանակին։

Ավելի վաղ Ուկրաինայի տարածքում տեղակայվել էին գերմանական Quantum Systems ընկերության Vector հետախուզական անօդաչուների հավաքման գաղտնի արտադրական արհեստանոցներ, հայտնել էր Politico-ն։ Այս արհեստական բանականությամբ անօդաչուն, որը համալրված է WASP ակուստիկ սենսորով, թույլ է տալիս մեծ հեռավորությունից ձայնով հայտնաբերել հրետանին։ Նմանատիպ արդյունաբերական հարթակներ գործում են նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ավստրալիայում։