«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չէ համագործակցել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ` ընտրակեղծիքների դեմն առնելու համար:
Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձել է Օսկանյանի վերջին հայտարարությանը եւ ասել. «Որպես ընտրակեղծիքների դեմ պայքարող քաղաքացիներ պատրաստ ենք: Բայց ես չեմ հանդիպել Օսկանյանին, որ ասեմ, թե իր մտքում ինչ կա: Եթե նա ցանկանում է քննարկել համագործակցության եզրերը, ես մեծ ուրախությամբ կհանդիպեմ»:
Դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը ասոցացվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժառանգությունը» հիշաչար ու քինախնդիր չէ: Մենք գնահատում եւ քննադատում ենք բոլոր նախագահներին»:
«Ժառանգության» առաջնորդը նաեւ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե երեք նախկին արտգորնախարարների` (իր, Օսկանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի-խմբ.) հանդիպում է կայացել:
Ընդդիմադիր ուժը պատարստ է համագործակցել խորհրդարանական եւ արտախորհրդարանական, ինչու չէ, նաեւ իշխանությանը մազ կազմող ուժերի հետ, եթե նրանք ցանկանում են, որ ընտրությունները Հայաստանում լինեն ազատ եւ թափանցիկ:




























