Մենք սկսել ենք ԵՄ երկրներ այցելող ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք առաջընթաց ենք տեսնում այս ուղղությամբ՝ գործողությունների ծրագրի իրականացման միջոցով, որն էլ, ի վերջո, կհանգեցնի անվիզա ռեժիմի տեսլականին», - նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերությունը մտնում է նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ։ «Սա Երևանի հավակնությունների սահմանը չէ», - հավելել է Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է ԵՄ անդամակցության մասին օրենքը՝ հավելելով, որ դաշինքի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդի երկրի դիմադրողականությունը։




























