«Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» հետազոտություն, որի նպատակն էր գնահատել տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունները ՀՆԱ-ի աճի տեսանկյունից եւ կանխատեսել պահանջարկ ունեցող մասնագիտությունները:
Հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս` գնահատել տնտեսության եւ աշխատաշուկայի զարգացման միտումներն ըստ տնտեսության ճյուղերի, բացահայտել կանխատեսվող աշխատատեղերը, աշխատուժի նկատմամբ գործատուների պահանջները, հստակեցնել գործատու-«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն համագործակցության ընդլայնման հեռանկարները: Հիմք ընդունելով կազմակերպությունների շրջանառության ծավալներն ըստ գործունեության ոլորտների` 2011թ եւ 2012թ. համար կատարվել է կանխատեսում համախառն ներքին արդյունքի վերաբերյալ: Արդյունքում 2011թ. համար կանխատեսվել է աճ ՀՆԱ 1.7 %, իսկ 2012թ.-ի համար ` 3.8 %:
Զբաղվածության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել նաեւ, թե առաջիկայում աշխատաշուկայում ինչպիսի մասնագետների պահանջարկ կլինի. մասնավորապես մեծ թիվ են կազմում մենեջերները, բժիշկները, տնտեսագետները, օպերատորները, առաքիչները, գանձապահները /բանկային համակարգում/, պահապանները` անվտանգության ծառայության, վաճառողները, մատուցողները, դերձակները, կարողները եւ վարորդները: Պարզվել է նաեւ` ինչպիսի կարճաժամկետ ուսուցումներ են անհրաժեշտ կազմակերպել` նոր ստեղծվող աշխատատեղերն արագ համալրելու համար:
Ընտրանքային հետազության մեջ ընդգրկվել է շուրջ 2500 գործատու, արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2000 կազմակերպության վերաբերյալ:
2010թ հունվարի 1-ի դրությամբ հետազոտության մեջ ընդգրկված կազմակերպություններում աշխատողների թվաքանակը կազմել է 79104, իսկ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ` 80958 մարդ, որը նախորդ տարվա նկատմամաբ աճել է 2.34 տոկոսով: Ըստ հետազոտության մեջ ներգրավված ընկերությունների կողմից արված կանխատեսումների, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատողների ընդհանուր թվաքանակը կկազմի 82296:
Մարզերում անցկացվել են նաեւ փորձագիտական հարցումներ` թափուր աշխատատեղերի եւ զբաղվածների թվի վերաբերյալ: Կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա տրվել են եզրակացություններ եւ առաջարկություններ օրենսդրական եւ համագործակցային բարեփուխումներ կատարելու վերաբերյալ:




























