Եվրոպացի սպառողները ռուսական գազի բավարար քանակություն չեն ստանում, քանի որ Ռուսաստանը նվազեցրել է դրա մատակարարման ծավալները: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն:
Նա հստակեցրել է, որ տեխնիկական համաձայնագրում նշված 490 միլիոն խմ-ի դեպքում օրական մատակարարումը կատարվում է 415 խմ-ի մակարդակով:
«Մենք գազը վերցնում ենք պայմանագրի հետ խստագույնս համապատասխանեցնելով, բայց քանի որ այն Ռուսաստանից չի ստացվում, չի հասնում նաեւ Եվրոպա», - հայտարարել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Փետրվարի 2-ին «Գազպրոմի» մամուլի ծառայությունում հայտարարել են, որ Ուկրաինայի կողմից գազի յուրացումը զգալիորեն գերազանցում է պայմանագրով նշված ծավալները. 52 մլրդ խմ-ի փոխարեն Կիեւը 60 մլրդ է ստանում: Հենց դա էլ հանգեցնում է Եվրոպա մատակարարվող ծավալների նվազմանը:
Փետրվարի 3-ին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ սառնամանիքների պատճառով երկիրը վերջին երեք օրերին 1 մլրդ խմ գազ է օգտագործել:
Ինչպես փետրվարի 2-ին ընդգծել է «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրենը, Ռուսաստանն առավելագույնս ավելացրել է գազի մատակարարումը ոչ միայն եվրոպական, այլեւ ԱՊՀ երկրներ, մասնավորապես` Ուկրաինա եւ Բելառուս: Այժմ մատակարարման տարեկան ծավալներն աճել են մինչեւ 180 մլրդ խմ-ի, այն դեպքում, երբ նախորդ տարի ւԵվրոպա է արտահանվել 150 մլրդ խմ:
Փետրվարի 2-ին եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում` Իտալիան, Ավստրիան, Սլովակիան, Լեհաստանը բողոքել են Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալների նվազումից: Այսպես, Իտալիայում մատակարարման պակասը գնահատել են պահանջվող ծավալից 20% քիչ, իսկ Ավստրիայում` 30%, գրում է Lenta.ru-ն:




























