Եվս յոթ ուկրաինացի երեխա Ռուսաստանից վերադարձվել է իրենց ընտանիքների գիրկը՝ որպես երկու երկրների միջև համագործակցության նշան։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
ԱՄՆ առաջին տիկինը Ռուսաստանից ուկրաինացի երեխաների հայրենադարձությունը հայտարարել է որպես առաջնահերթություն։ Հոկտեմբերին նա հայտարարել է, որ բաց գծով կապ է հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ որոշ երեխաներ վերադարձվել են իրենց ընտանիքներին, իսկ մնացածը շուտով կմիավորվեն։ Նրա գրասենյակի տվյալներով՝ վերջին հայրենադարձվածների թվում են վեց տղա և մեկ աղջիկ։
«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդությունը և համառ դիվանագիտությունը երեխաներին և ընտանիքներին վերամիավորելու ջանքերում։ Կամուրջներ կառուցելու նրանց ջանքերը ստեղծել են համագործակցության շոշափելի մթնոլորտ, որը լավատեսություն է ներշնչում,- ասել է նա հայտարարության մեջ։ -Հուսով եմ, որ, ի վերջո, մեր համատեղ ջանքերը տարածաշրջանում ավելի մեծ կայունության կհանգեցնեն»։
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո առնվազն 19 հազար իր երեխաների Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք առևանգելու մեջ՝ առանց նրանց ընտանիքների կամ խնամակալների համաձայնության:
Ռուսաստանը բազմիցս հերքել է ուկրաինացի երեխաների առևանգմանմասին լուրերը՝ պնդելով, որ գործել է նրանց մարտերից պաշտպանելու մղումով: Միացյալ Նահանգները միացել է տասնյակ այլ երկրների և չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկել՝ պահանջելով, որ Ռուսաստանն անհապաղ, անվտանգ և անվերապահորեն վերադարձնի բոլոր բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաներին:





























