Բաթումիի նավթային տերմինալի երեք ղեկավարներ ձերբակալվել են միլիոնավոր դոլարների արժողությամբ չհայտարարագրված նավթի անօրինական փոխադրման կասկածանքով, հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։
Գործակալության տվյալներով՝ մեղադրյալները տեղափոխել են տերմինալի բաքերում պահվող ավելի քան 10 հազար տոննա չմշակված և չհայտարարագրված նավթ։ Նավթի արժեքը գերազանցում է 15 միլիոն լարին (ավելի քան 5,5 միլիոն դոլար)։
Վառելիքի անհետացումը թաքցնելու նպատակով նրանք, ըստ քննիչների, բաքերի պարունակությունը փոխարինել են անպետք նավթային թափոններով։
TV Pirveli-ի տվյալներով՝ ձերբակալվածները Ղազախստանի քաղաքացիներ են։ «Բաթումելեբի»-ն հաղորդում է, որ ձերբակալությունները կատարվել են երկարատև քննչական միջոցառումներից հետո. տերմինալի գործունեությունը փաստացի դադարեցվել է երեկ գիշերվանից։ Հարցաքննվել են տասնյակ աշխատակիցներ։
Քննությունը շարունակվում է։ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ բացահայտում է սխեմայի մյուս մասնակիցներին, պետական բյուջեին հասցված ենթադրյալ վնասը և երկիր մաքսանենգ ճանապարհով ներմուծված նավթի ճակատագիրը։
Գործը քննում են առանձնապես խոշոր մասշտաբով մի խումբ անձանց կատարած մաքսանենգության փաստով։ Այդ հոդվածով նախատեսված պատիժը նախատեսում է 11-15 տարի ազատազրկում։
Բաթումիի նավթային տերմինալը, որը կառավարում է նաև Բաթումիի նավահանգիստը, 2006 թվականից Ղազախստանի պետական նավթային ընկերության՝» «КазТрансОйл». վերահսկողության տակ է։ Համալիրի շահագործման արտոնագրի ժամկետը 49 տարի է։





























