Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Մերձավոր Արեւելքի էներգետիկ ռեսուրսները վերահսկվեն Վաշինգտոնի նկատմամբ անբարյացակամ երկրի կողմից, նշվել է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Մենք չենք ցանկանում, որ թշնամական ուժը գերիշխի Մերձավոր Արեւելքում, վերահսկի նրա նավթի եւ գազի մատակարարումները, ինչպես նաեւ ռազմավարական նեղ կետերը, որոնց միջով դրանք անցնում են»,- նշվել է ռազմավարության մեջ։
Այն ընդգծում է ԱՄՆ մտադրությունը՝ «խուսափել «հավերժական պատերազմներից», որոնք մեզ այդքան երկար ժամանակ ներգրավել են այդ տարածաշրջանում եւ այդքան թանկ են արժեցել»։
«Միացյալ Նահանգները միշտ էլ հիմնական շահագրգռվածություն է ունեցել ապահովելու, որ Պարսից ծոցի էներգետիկ ռեսուրսները չընկնեն բացահայտ թշնամու ձեռքը, որ Հորմուզի նեղուցը մնա բաց, որ Կարմիր ծովը մնա նավարկելի, որ տարածաշրջանը չդառնա ամերիկյան շահերի կամ ամերիկյան հայրենիքի դեմ ահաբեկչության օջախ կամ արտահանող, եւ որ Իսրայելը մնա անվտանգ»,- նշվել է փաստաթղթում։
Դրանում նշվել է, որ «մենք կարող ենք եւ պետք է դիմակայենք այդ սպառնալիքին գաղափարախոսական եւ ռազմական առումով՝ առանց տասնամյակներ տեւող «պետականաշինության» անարդյունք պատերազմների»։ «Սակայն այն օրերը, երբ Մերձավոր Արեւելքը գերիշխում էր ամերիկյան արտաքին քաղաքականության, երկարաժամկետ պլանավորման եւ ամենօրյա իրականացման մեջ, բարեբախտաբար, անցել են՝ ոչ թե այն պատճառով, որ Մերձավոր Արեւելքը դադարել է նշանակություն ունենալ, այլ այն պատճառով, որ այն այլեւս անխուսափելի աղետի պոտենցիալ աղբյուր չէ»,- նշվում է ռազմավարությունում։





























