Ուրբաթ օրը Կանադան Սիրիային հանել է իր «ահաբեկչությանը հովանավորող պետությունների» ցանկից և չեղարկել «Հայաթ Թահրիր աշ-Շամի» (HTS)՝ որպես «ահաբեկչական կազմակերպության» կարգավիճակը, միանալով այն երկրների ցանկին, որոնք թուլացնում են Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է AFP-ն։

Այս քայլերը ձեռնարկվել են այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին HTS-ը տապալել է Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադին և վերահսկողություն հաստատել կառավարության վրա։

«Այս որոշումները հեշտությամբ չեն կայացվել», - ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Այս քայլերը ձեռնարկվել են «ի համապատասխանություն մեր դաշնակիցների, ներառյալ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից ընդունված վերջին որոշումների և Սիրիայի անցումային կառավարության՝ Սիրիայում կայունությունն ամրապնդելու ջանքերի շարունակությունն են», ասվում է Կանադայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կանադան պահպանում է պատժամիջոցները Սիրիայի 56 քաղաքացիների, այդ թվում՝ Ասադի տապալված ռեժիմի նախկին պաշտոնյաների և Ասադների ընտանիքի անդամների նկատմամբ։

Կանադան 2012 թվականին ճանաչել է Սիրիան որպես «ահաբեկչությանը հովանավորող պետություն»։

HTS-ը լայնածավալ պատժամիջոցների է ենթարկվել «Ալ-Քաիդա»-ի հետ իր կապերի պատճառով, սակայն մի քանի արևմտյան պետություններ հանել են այս խմբավորումը ցուցակից՝ Սիրիայի նոր կառավարության և նրա նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ ավելի լավ համագործակցություն ապահովելու համար։