Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի հետեւանքով, ըստ նախնական տվյալներով, զոհվել են ազգությամբ 35 հայեր, որոնցից ՀՀ քաղաքացի են 4-ը: Նրանց անուններն են` Աշոտ Ներսիսյան, Արթուր Գրիգորյան, Կարինե Մարգարյան, Արա Շիրոյան: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը: Նրա փոխանցմամբ, ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմից 2 ավիատեխնիկները եւս հայ են եղել` Գրգոր Բարսեղյանը եւ Սուրեն Սողոմոնյանը, որոն նույնպես զոհվել են:

«Ներկայումս Իրանի քաղավիացիայի վարչության հետ աշխատանքներ են տարվում մնացած մանրամասները ճշտելու համար»,- ընդգծեց նա:

Ա. Պողոսյանի խոսքով, օդանավը շահագործում էր պարսկական կողմը, անվտանգության ու հսկողության հետ կապված բոլոր հարցերի պատասխանատուն եւս պարսկական կողմն է եղել, իսկ հայկական կողմը տեղյակ չի եղել, թե ինչ վիճակում է գտնվել ինքնաթիռը: Նշենք, որ օդանավը ժամը 12.50-ին պետք է հայտնվեր հայկական ռադարների տիրույթում, սակայն 12.40-ին իրանական կողմը հայտնել է, որ օդանավը կորել է իրենց ռադարներից:

Վթարի ամենահավանական տարբերակն այն է, որ ինքնաթիռը որոշել է բաց տարածքում վայրեջք կատարել, սակայն դա նրան չի հաջողվել: Թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանի ներկայացմամբ, հնարավոր է նաեւ, որ բռնկում է եղել շարժիչներից մեկում, բայց դա միայն վարկած է: