Հանրապետության անտառածածկի որոշման մոնիտորինգի արդյունքներով բացահայտվել է, որ քարտեզներում առկա անճշտությունների հետեւանքով ավելի քան 23 հազ. հա անտառ ընդգրկված չէ հանրապետության անտառային ֆոնդում: Այս մասին փետրվարի 3-ին զեկուցվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում։ Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատնքներ սկսել համապատասխան պետական մարմինների հետ` փաստացի անտառածածկ տարածքն անտառային ֆոնդում ընդգրկելու եւ անհրաժեշտ ճշգրտումները կատարելու ուղղությամբ:
Կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետներին տեղեկություններ է ներկայացրել դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի ընթացակարգերի մասին: Նշվել է, որ, ինչպես պարարտանյութի ծրագրի դեպքում, դիզելային վառելիքի տեղափոխման եւ համապատասխան խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացը եւս իրականացվելու է կառավարության ջանքերով`համապատասխան մարզպետի աջակցությամբ:




























