Հայաստանի ոստիկանությունը պնդում է, որ հստակ եւ իրավաչափ է գործել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանին կալանավորելիս:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արմեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ոստիկանության պարզաբանումը, ըստ որի հունվարի 13-ին, ժամը 17-30-ին Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի մոտ Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ Գեւորգյանը դիմել է փախուստի:
Ֆրանգուլյանը, ըստ ոստիկանության, ստացել է ծնկոսկրի կոտրվածք, միջին ծանրության վնաս, եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն:
Դեռեւս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, որը հունվարի 14-ին եւ 16-ին պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն հունվարի 19-ին ՃՏՀ քննության բաժին է զանգահարել նրա ամուսինը եւ, առանց որեւէ հարգելի պատճառ ներկայացնելու, հայտարարել, որ ինչպես կինը, այնպես էլ ինքը հրաժարվում են ներկայանալ բաժին:
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել պարզելու վարորդի ինքնությունը:
Ստացվել է պատասխան գրություն, որ վրաերթը կատարել է Հայկ Գեւորգյանը, որը նույնպես պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար:
Հայկ Գեւորգյանը հունվարի 20-ին զանգահարելով քննիչին` պայմանավորվել է քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել:
Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագությամբ:
Հունվարի 23-ին Հայկ Գեւորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեւորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Փետրվարի 3-ին Հայկ Գեւորգյանը հայտնաբերվել, կալանավորվել եւ ուղարկվել է «Նուբարաշեն ՔԿՀ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հ.Գ. Նշենք, որ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը, Արմեն Այվազյանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի, մինչդեռ լրագրողները ցանկանում էին պարզել, թե ինչպես է ստացվում, որ Հայկ Գեւորգյանը 10 օր լինում քաղաքում, լուսաբանում կառավարության նիստերը, հոդվածներ գրում, իսկ ոստիկանները նրան չեն կարողացել գտնել:
Այսօր ասուլիս էր հրավիրել նաեւ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով պատմել էր, թե ինչպես են ձերբակալել հայկ Գեւորգյանին, եւ նշել, որ ձերբակալման հրամանը տվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:



























