Ամերիկյան հայտնի կատակերգակ կինոդերասան Էդի Մերֆիին ողջ-ողջ թաղել են. mediafetcher.com կայքը սենսացիայի նկատառումով չճշտված տեղեկատվություն է տեղադրել նրա մահվան մասին:
Համացանցային TMZ.com կայքը հայտնել է, որ այդ վկայությունները իրականությանը չեն համապատասխանում, Մերֆին ողջ է եւ միանգամայն առողջ: Համաձայն հաղորդագրության` կայքի աշխատակիցները զանգահարել են Էդի Մերֆիին, որն իրեն բնորոշ հումորով հայտարարել է. «Ես առայժմ մեռած չեմ»:
TMZ.com-ը մասնագիտացած է հռչակավորների կյանքի սկանդալային մանրամասներ բացահայտելու գործում, սակայն, ի տարբերություն mediafetcher.com-ի, օգտվում է արժանահավատ աղբյուրներից: Մասնավորապես, հենց TMZ.com-ն է 2009թ. հունիսի 25-ին հաղորդել «փոփ-երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի մահվան մասին, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, mediafetcher.com կայքը առաջին անգամը չէ, որ սուտ տեղեկատվություն է տարածում: Ավելի վաղ նրա աշխատակիցները «շտապել են» ցուցակում ներառել ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովիին, դերասաններ Ջորջ Քլունիին, Ուիլ Սմիթին, Չառլի Շինին, Ադամ Սանդլերին, Քեվին Բեյքոնին, աշխարհի ամենատիտղոսավոր գոլֆիստ Թայգեր Վուդսին եւ շոու բիզնեսի եւ սպորտի մի շարք այլ աստղերի:



























