Մոսկվայում նոյեմբերի 23-24-ը կայանալու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 34-րդ լիագումար նստաշրջանը, որին Հայաստանից մասնակցելու է ԽՎ-ում հայկական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը: ԽՎ-ում հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, իսկ անդամներն են ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը եւ անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
ԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու են նաեւ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինն ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օգտայ Ասադովը:
ՍԾՏՅԿ-ն ստեղծվել է 1992թ.-ին։ Նրա կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:




























