Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին հաջողություն է մաղթում: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասել էր, որ եթե անհարմար չզգար, կգնար դատարան եւ կխնդրեր, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին ազատ արձակեն:
Փետրվարի 17-ին նշանակված է Հովհաննես Թամամյանի գործով դատական առաջին նիստը, եւ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե Թամամյանի հարցում, ինչ դիրքորոշում ունի, ինչին ի պատասխան արձագանքեց.«Այս պահին դատաքննությունը գնում է, քննությունը ավարտվել է նրան պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրվել, եւ թող դատարանը մանրամասները քննարկի եւ որոշի: Եթե մեղավոր է, թող պատժի, եթե մեղավոր չէ, թող ազատ արձակեն: Ես ասելու բան չունեմ, հասկանում եք, իմ ասելը ընդհանրապես չի կցվի որեւէ կերպ այս տրամադրության, այս մտքի հետ»:
Ալիկ Սարգսյանի խոսքով, Թամամյանին շատ լավ ճանաչում է, ընկերներ են եղել: «Նորից լավ վերաբերմունք ունեմ: Ձեզ թվում է ինձ համար հաճելի է, որ մարդիկ անազատության մեջ են: Իհարկե, հաճելի չի: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, եւ թող դատավարությունը վերջնական որոշումը կայացնի»,- ավելացրեց Ալիկ Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, ո ր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Իսկ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 մլն 480 հազար 720 լիտր բենզին, որի միասը կտրոնների տեսքով յուրացրել է:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























