Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո շուրջ մեկ շաբաթ ձգվող բողոքի ակցիաներին ի պատասխան Իրանի իշխանությունները Թեhրան են մտցրել հազարավոր ոստիկաններ։ Ականատեսները պնդում են, որ նախորդ կիրակի երկրում բողոքի ակցիաներ չեն եղել, երբ իմացվեց, որ ցուցարարների ու ոստիկանության բախման հետևանքով զոհվել է 10 մարդ:

Թեhրանում BBC-ի թղթակից Ջերեմի Բոուենը պնդում է, որ կիրակի երեկոյան Թեhրանի հյուսիսային մասում տեղի բնակիչները իրենց տների կտուրներից բացականչել են «մահ միապետին»։

Չնայած այն բանին, որ իշխանությունների ուժերով ցույցերը կանխվել են, դա դեռ չի նշանակում, թե ճգնաժամը ավարտվել է։ Իշխանությունների և հասարակության միջև մեծ անդունդ է ձևավորվել, նշում է Բոունը։

Բանն այն է, որ երկու կողմերն էլ չեն ցանկանում պարտությունը ընդունել։

Հիշեցնենք, որ ցուցարարները սատարում են ընդդիմության առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիին։ Նրանք պնդում են, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են։ «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպությունը իր հերթին պնդում է, որ վերջին շաբաթվա ընթացքում ձերբակալվել են տեղի 23 լրագրողներ եւ ինտերնետ կայքերի հեղինակներ։