Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վերջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքները վերացնելու ուղղությամբ կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր` փետրվարի 4-ին, շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է կենտրոնական եւ երկրորդական փողոցների ու մայթերի, ինչպես նաեւ բակային տարածքների ձնամաքրման աշխատանքներին:
«Շրջայցի ժամանակ որոշ թերություններ նկատվեցին մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքներում: Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հստակ հանձնարարական է տրվել, որ բակային տարածքներն ու մայթերը հնարավոր արագ մաքրվեն: Կենտրոնացվել են բոլոր ծառայությունները և հերթապահությամբ այդ աշխատանքները շարունակվեն շուրջօրյա»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանը տեղերում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կենտրոնացնել համապատասխան կառույցների ամբողջ ներուժն ու վարորդների եւ հետիոտների համար ապահովել անվտանգ երթեւեկ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով տարվող աշխատանքները`քաղաքապետը նաեւ հանձնարարել է աշխատանքները շարունակել շուրջօրյա ժամանակցույցով։




























