«Մեր ձեւով» շարժման անդամներն այսօր այցելել են Սյունիքի մարզ։
«Սյունեցիները համբերատար և աշխատասեր են, բայց բազմաթիվ փորձություններ հաղթահարած սյունեցիներին ու բոլոր հայերին առաջնորդում է թույլ ղեկավար։
Սյունիքը Հայաստանի բաբախող սրտի մի մասն է, և Սյունիքը լինելու է Հայաստանի հաջողության պատմության կրողը՝ ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ։
Միայն ուժեղ Սյունիքով Հայաստանը կլինի ուժեղ:
Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման երկօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այցի առաջին օրը շարժման անդամները այցելեցին Գորիս և Սիսիան քաղաքներ, ինչպես նաև եղան Տեղ և Աշոտավան գյուղերում։
Սյունեցիների հետ հանդիպումների ժամանակ շարժման անդամները վերջիններիս ներկայացրին շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը։ Հանդիպումների ժամանակ տեղի ունեցավ մտքերի փոխանակում վերոնշյալ բնակավայրերի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների շուրջ։
Մասնավորապես, կարևորվել է Գորիս, Սիսիան և Տեղ համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման անհրաժեշտությունը։
Անդրադարձ եղավ նաև անվտանգային խնդիրներին։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց շարժման պատկերացումները երաշխավորված խաղաղության վերաբերյալ։ Գորիս այցի ընթացքում քաղաքի Մաշտոցի 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Գորիսի գրասենյակը։
Այցի ընթացքում շարժման ևս մեկ մարզային գրասենյակ բացվեց նաև Սիսիանում, որը գտնվում է քաղաքի Չարենցի փողոց 7 հասցեում։ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է։ Վաղը շարժման անդամները այցելելու են մարզկենտրոն Կապան, լինելու են նաև Արծվանիկ գյուղում։





























