Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 12-ին ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստի վրա հարձակման ժամանակ թուրքական ընկերությանը պատկանող օտարերկրյա դրոշի ներքո նավի վնասման վերաբերյալ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

 «Մեր տարածաշրջանում շարունակվող պատերազմը, որը տարածվել է մինչև Սև ծով, հաստատում է ծովային անվտանգության և նավարկության ազատության վերաբերյալ մեր նախկինում արտահայտած մտահոգությունների հիմնավորվածությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Նախնական տեղեկություններով՝ նավի անձնակազմը և բեռնատարի վարորդները տարհանվել են։ Զոհեր չկան։ Օդեսայում հյուպատոսությունը ուշադիր հետևում է իրավիճակին և քաղաքացիներին տրամադրում է անհրաժեշտ աջակցություն։

Իր հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել է. «Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ ևս մեկ անգամ ընդգծելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի արագ դադարեցման կարևորությունը և, հակամարտության սրումը կանխելու նպատակով, հիշեցնում ենք Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու և երկու կողմի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։