Գերմանիայի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ ձերբակալել են հինգ տղամարդու՝ կասկածելով նրանց ծայրահեղական դավադրության մեջ, որի նպատակն էր ավտոմեքենայով հարձակվել մարդկանց վրա Սուրբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է AFP-ն։

Տոնական սեզոնի ընթացքում իշխանությունները բարձր պատրաստվածության վիճակում են, քանի որ նախորդ Սուրբ Ծննդյան օրերին երկիրը ցնցել էր ավտոմեքենայով մահաբեր հարձակումը Մագդեբուրգ քաղաքի շուկայում։

Ոստիկանությունն ու դատախազությունը հայտնել են, որ ուրբաթ օրը ձերբակալել են մեկ եգիպտացու, երեք մարոկկացու և մեկ սիրիացու՝ Բավարիայի հարավում ահաբեկչական հարձակում պատրաստելու կապակցությամբ։ Քննիչները կասկածում են դավադրության «իսլամիստական հիմք» ունենալը, ասվում է հայտարարության մեջ։ 56-ամյա եգիպտացին եղել է մզկիթի իմամ Դինգոլֆինգ-Լանդաու շրջանում, գրում է գերմանական Bild թերթը։

Իշխանությունների տվյալներով, նա կոչ էր արել հարձակվել այդ շրջանի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա «տրանսպորտային միջոց օգտագործելով՝ հնարավորինս շատ մարդկանց սպանելու կամ վիրավորելու նպատակով»։

Այնուհետև մարոկկացիները՝ 30, 28 և 22 տարեկան, ենթադրաբար համաձայնել են հարձակումը իրականացնել, իսկ 37-ամյա սիրիացին նրանց խրախուսել է։ Բոլոր կասկածյալները ձերբակալությունից հետո շաբաթ օրը կանգնել են դատավորի առաջ և գտնվում են կալանքի տակ։