Սկսած այն պնդումներից, թե իբր պատվաստանյութերը չեն աշխատում, մինչև խմբագրված լուսանկարներն ու քաղաքական գործիչների խոսքերի միտումնավոր աղավաղումը․ սոցիալական ցանցերը հեղեղված են ապատեղեկատվությամբ։ Սակայն, ըստ Interface ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակների, այսպես կոչված «կեղծ լուրերը» ամենևին էլ բացառապես ժամանակակից երևույթ չեն։

Ընդհակառակը, ըստ գիտնականների, ապատեղեկատվությունը բոլոր կենսաբանական համակարգերի՝ բակտերիաներից մինչև թռչուններ և մարդկային հասարակություններ, անբաժանելի և անխուսափելի հատկանիշն է։

Սոցիալական հաղորդակցությունը առանցքային դեր է խաղում սոցիալական էվոլյուցիայի և կոլեկտիվ վարքագծի մեջ։ Դրա շնորհիվ օրգանիզմները տեղեկություն են ստանում շրջակա միջավայրի մասին՝ առանց դիմելու փորձի և սխալի վտանգավոր մեթոդին։ Օրինակ՝ կենդանիները կարող են գիշատիչների մասին իմանալ ցեղակիցներից, իսկ բակտերիաները՝ համակարգել իրենց գործողությունները կոլեկտիվ պաշտպանության համար։ Սակայն հաղորդակցության նույն այդ ուղիները կարող են դառնալ կեղծ տեղեկատվության տարածման ճանապարհներ։

Թեև մարդկային հասարակություններում ապատեղեկատվության տարածումը ակտիվորեն ուսումնասիրվում է, դրա կենսաբանական արմատները մինչև օրս քիչ էին հասկանալի։ Այդ բացը լրացնելու համար հետազոտողները վերլուծել են կենդանի բնության մեջ ապատեղեկատվությանը նվիրված տասնամյակների էմպիրիկ և տեսական աշխատանքները։ Արդյունքում նրանք բազմաթիվ օրինակներ են բացահայտել՝ թռչնի կեղծ տագնապալի ճիչը, որի պատճառով ողջ երամը խուճապահար թռչում-հեռանում է, կենդանիների պոպուլյացիաները, որոնք շարունակում են հետևել միգրացիոն հնացած երթուղիներին, ինչպես նաև բակտերիաների կիրառած խաբուսիկ ազդանշանները։

Տարբեր կենսաբանական համակարգերում ապատեղեկատվությունը սահմանելու և քանակապես չափելու համար հեղինակները մշակել են մաթեմատիկական մոդելներ, որոնք կիրառելի են ցանկացած տեսակի համար։ Այդ մոդելները թույլ են տալիս գնահատել, թե որքանով են ճշգրիտ օրգանիզմի արդեն իսկ ունեցած «համոզմունքները», և ինչ աստիճանի է այլոցից ստացված տեղեկությունը փոխում նրա վարքագիծը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ապատեղեկատվությունը ցանկացած կենսաբանական հաղորդակցության հիմնարար առանձնահատկությունն է, այլ ոչ թե խափանում, սխալ կամ ախտաբանություն։

Ըստ հեղինակների, սոցիալապես փոխանցվող ապատեղեկատվությունը կենսաբանական համակարգերի համատարած բնութագիրն է և պետք է դիտարկվի որպես սոցիալական, էկոլոգիական և էվոլյուցիոն գործընթացների հիմնական տարր, այլ ոչ թե որպես դրանց բնականոն գործունեությանը խորթ երևույթ։

Հաջորդ փուլում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել, թե ինչպես է ապատեղեկատվությունն ազդում իրական գործընթացների վրա։ Օրինակ՝ ինչպես է այն անդրադառնում կենդանիների պոպուլյացիաների գոյատևման վրա, և արդյոք կան համընդհանուր օրինաչափություններ, որոնք թույլ են տալիս վերահսկել դրա տարածումը՝ լինի դա ձկների վտառում, թե սոցիալական ցանցերում։ Այս հարցերի պատասխանները կարող են օգնել մշակել ապատեղեկատվության դեմ պայքարի նոր ռազմավարություններ ինչպես մարդկային հասարակությունում, այնպես էլ կենդանի բնության մեջ։