Կամբոջայի և Թաիլանդի սահմանին այս ամսվա սկզբից սրված հակամարտությունը 12 կամբոջացիների մահվան է հանգեցրել, ևս 74-ը վիրավորվել են, իսկ ավելի քան 400 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնել է Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Փհեաքթրան, որի խոսքերը մեջբերում է «Khmer Times» թերթը։

Թաիլանդի բանակը Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումների համար ծանր սպառազինություն է օգտագործել, ներառյալ կործանիչներ, ինչպես նաև կասետային ռումբեր։ Փհեաքթրան նշել է, որ վերջին 9 օրվա ընթացքում թաիլանդական զինվորականների զինված ագրեսիայի թիրախ են դարձել քաղաքացիական անձինք, բնակելի տներ, կամուրջներ, դպրոցներ, հիվանդանոցներ և տաճարներ։ Նա հավելել է, որ դեկտեմբերի 14-ի երեկոյի դրությամբ 120 814 ընտանիք (403 601 մարդ) ստիպված են եղել փախստական դառնալ՝ փրկվելով թաիլանդական զինվորականների զինված ագրեսիայից։