Նրանք, ովքեր նախորդ տարվա IV եռամսյակում ծանոթացել են նվազագույն սպառողական զամբյուղին, անկասկած նկատել են, որ ապրանքների եւ ծառայությունների զգալի թանկացման պայմաններում, դրա նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած,  նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը ավելացել է սոսկ 1,2 հազ. դրամով կամ 5,6%:

Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա դեկտեմբերին, համեմատած դրա նախորդ տարվա նույն ամսի հետ, ավելի բարձր էր, քան զամբյուղի թանկացումը` 106,1%: Բացի այդ, սպառողական զամբյուղի մի շարք ապրանքների գները կտրուկ ավելացան տարվա ընթացքում:

Օրինակ, եթե հաշվենք տվյալ փաթեթի ապրանքները, կստանանք հետեւյալ պատկերը. Մսամթերքները մեկ տարում թանկացել են 13,4%-ով, ձուն` 7,5%-ով, շաքարը`39,8%-ով, իսկ ձկնեղենն ընդհանրապես ռեկորդակիր է` 2,5 անգամ:

Մթերային փաթեթում իհարկե նաեւ դրական օրինակներ կան, այն էլ` երկու: Էժանացել են կարագն ու յուղերը  (9,9%) եւ մրգերը (9,4%):

Կարագի գնի իջեցումը հավանաբար պայմանավորված է նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած աղմկալի պատմությունը:

Հիշեցնենք, որ կարագի անվան տակ մայրաքաղաքի տարբեր խանութներում վաճառվել էր կարագի փոխարինող` պատրաստված բուսական եւ կաթնային յուղերից, այսինքն` մարգարին չէր, բայց արդեն կարագ էլ չէր: Պարզ է, որ մեքենայության բացահայտումից հետո գները պետք է ընկնեին:

Բայց տնտեսական տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում հացամթերքների միջին գների դինամիկան: Այսպես, մթերային այս խմբի միջին գինը նախորդ տարվա IV եռամսյակում, դրա նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,2%-ով:

Նախորդ տարվա IV եռամսյակի զամբյուղում հացամթերքները կազմում են 30,1%-ը, այսինքն` գրեթե մեկ երրորդը: Նրանց հաջորդող խումբը` բանջարեղենը, կազմում է ընդամենը 16,0%:

Հացամթերքները շատերի մոտ նույնացվում են հացի հետ, որն, իհարկե, սխալ է: Այդ խմբի մեջ մտնում են շատ սննդամթերքներ:  Բացի հացը, այստեղ առկա են ալյուրը, մակարոնեղենը,  շիլաները: Բայց, իհարկե, այս մթերային խմբում գերակշռում է հացը` 60%  առավելությամբ, եւ նրա գնի տատանումը էական ազդեցություն է ունենում միջին խմբի ցուցանիշի համար:

Հացի գինը թվում է զարմանալի կայուն, եւ նրա աճի տեմպը համարյա թե հասնում է «եվրոպական ստանդարտների»:Ճիշտ է, մասնագետները դա բացատրում են շատ պարզ. Արտադրողները գնորդներ չկորցնելու համար  գների բարձրացման փոխարեն իջեցնում են հացի քաշը: Այսինքն, գործնականում հացը թանկանում է, սակայն այս փաստը չի արձանագրվում: Դա արդեն պետական այլ մարմինների գործն է, որոնք բոլորովին էլ չեն շտապում պարզել այս հարցը:

Կարելի է հաշվարկել տարբեր ապրանքային խմբերի ազդեցությունը գնի բարձրացման վրա, որը միջին հաշվով արտահայտվել է վերոնշյալ 5,6%-ով: Վերջին ցուցանիշում 0,8% «ապահովել են» հացամթերքները, իսկ ամենաշատ «ներդրում են ունեցել» 1,2-ական % (այսինքն միասին`  3,6%), մսամթերքները, ձկնամթերքները եւ կաթնամթերքները:

Վերջին երեք խմբերը համեմատաբար քիչ ազդեցություն ունեն ապրանքային խմբի արժեքի հարցում` 2,6%-ից (ձկնամթերքների դեպքում) մինչեւ  12,5% (կաթնամթերքների դեպքում), եւ նույնիսկ միացյալ` 4 տոկոսով զիջում են հացամթերքներին: Այդ պատճառով էլ այս ապրանքների էական գնաճըն այնքան էլ արդյունավետ ազդեցություն չի ունենում ապրանքային խմբի գնի բարձրացման վրա:

Կարելի է եզրակացնել, որ հացիամթերքի ունեցած առավելությունը թույլ է տալիս զսպել նվազագույն սպառողական զամբյուղի թանկացումը, քանի որ վերջինիս արժեքն առանձին չի որոշվում, այլ ապրանքային արժեքի հիման վրա` 1,77 գործակիցը հաշվի առնելով:
Այդ պատճառով, չնայած շարքային քաղաքացիների համար կյանքի էական թանկացմանը, նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը սպառողական զամբյուղի արժեքի հետ  նույն մակարդակի վրա է  մնացել, ինչ որ եւ անցյալ տարի` 3,6 անգամ: Այստեղից էլ ստացվում է, որ միջին ցածր աշխատավարձը սոցիալական չափանիշներով  թույլ է տալիս ապահովել առնվազն 3 մարդու կյանք:


Ալբերտ Խաչատրյան