2008 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Բարաք Օբամայի հակառակորդ սենատոր Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի վարչապետին, որն իր թեկնածությունն է դրել նախագահական ընտրություններում, կրկին հիշեցրել է «արաբական գարնան» մասին:
«Թանկագին Վլադ: Արաբական գարունն արդեն հասել է քո սահմաններին», – գրել է SenJohnMcCain –ը Twitter-ում, գրածում մեջբերումներ անելով The New York Times թերթի` Մոսկվայում շաբաթ օրվա ցույցերի մասին հոդվածին, հայտնում է gazeta.ru-ն:
Պետք է նշել, որ Մաքքեյնը «արաբական գարունով» առաջին անգամը չէ, որ սպառնում է, եւ ոչ միայն Ռուսաստանին: Մյունխենյան 48-րդ անվտանգության հարցերով համագումարում փետրվարի 5-ին նա նման նախզգուշացում է արել նաեւ Չինաստանին, իսկ որպես արդյունք վկայակոչել է վերջերս տեղի ունեցած ինքնահրկիզվող տիբեթյան վանականներին, որոնք նման կերպ բողոքել են Տիբեթի` չինական իշխանության կառավարման դեմ:
Անցյալ տարվա դեկտեմբերին, սենատորի նման հարձակումներին պատասխանելով, Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Պարոն Մաքքեյնը, ինչպես հայտնի է, գերի է ընկել Վիետնամում, որտեղ նրան ոչ թե բանտում են պահել, այլ փոսում: Նա այնտեղ նստել է մի քանի տարի: Ցանկացած մարդ կցնդի այդ պայմաններում, ուստի էլ ի՞նչ ասեմ»,- այն ժամանակ ասել է Ռուսաստանի վարչապետը:




























