Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի պաշտպանության նախարարների անցյալ շաբաթվա հանդիպումը չի կարողացել առաջընթաց գրանցել խնդրահարույց ֆրանս-գերմանա-իսպանական FCAS ռազմական ինքնաթիռների ծրագիրը փրկելու հարցում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
100 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը, որի շրջանակում երեք երկրները պետք է համատեղ կառուցեն ֆրանսիական Rafale-ներին և գերմանական ու իսպանական Eurofighters-ներին փոխարինող հինգերորդ սերնդի կործանիչ, այժմ «շատ անհավանական է», հավելել է աղբյուրներից մեկը։
Աղբյուրները հայտնել են, որ Ֆրանսիան հույս ունի հետաձգելու որոշումը, որը Գերմանիան ակնկալում էր ավարտել մինչև 2025 թվականի վերջ։ Նախագիծը հաջորդ փուլ տեղափոխելու մասին ի սկզբանե նախատեսել էին հայտարարել այս շաբաթ Բրյուսելում տեղի ունենալիք ԵՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Երեք երկրները նաև ամբողջ ուժով փորձում էին համաձայնության գալ FCAS ծրագրում նախատեսված «մարտական ամպի» և անօդաչու թռչող սարքերի համակարգերի վերաբերյալ, որը մինչև 2040 թվականը պիտի փոխարիներ արդեն իսկ գոյություն ունեցող չորրորդ սերնդի կործանիչներին։
Վեճի հիմքում ընկած է ֆրանսիական պաշտպանական կապալառու Dassault-ի՝ նախագծի առաջատար դերը ստանձնելու ցանկությունը՝ իր գերմանական գործընկեր Airbus-ից առաջ, մի դիրքորոշում, որը Գերմանիան համարում է անհիմն, հայտնում են աղբյուրները։ Դժվարություններից մեկն էլ այն է, որ երկու երկրին ռազմական ինքնաթիռներն անհրաժեշտ են տարբեր նպատակներով։
Ֆրանսիան կարիք ունի միջուկային մարտագլխիկներ կրելու և իր ավիակիրով աշխատելու ընդունակ ինքնաթիռների, մինչդեռ Գերմանիան, որը չունի ավիակիրներ, արդեն համաձայնել է գնել ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռներ՝ ՆԱՏՕ-ի միջուկային մարտագլխիկներ տեղափոխելու համար։ Երեքշաբթի Dassault-ի գործադիր տնօրենը կասկածներ էր հայտնել ծրագրի ապագայի վերաբերյալ՝ ասելով, որ դա կախված է նրանից, թե արդյոք Գերմանիան պատրաստ է վերանայելու իր կախվածությունը ԱՄՆ-ից զենքի ներմուծումից։





























