Դատախազության որոշմամբ փոփոխվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն այսօր` փետրվարի 6-ին, որոշում է կայացրել փոփոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Հիմք է ընդունվել այն, որ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Ուստիեւ որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայկ Գեւորգյանը քիչ անց ազատ կարձակվի:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արդեն հավաքվել են լրագրողներ ու Հայկ Գեւորգյանի մտերիմները:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար:
«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վրաերթ տեղի չի ունեցել:



























