Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջդը կոչ է արել շտապ հետաքննել իրանական «Տու-154» ինքնաթիռի վթարի հանքամանքները, որում գտնվել է 168 մարդ: Այս մասին հայտնում է " «Ֆրանսպրես»-ը: Իրանի նախագահը կատարվածի կապակցությամբ նաեւ իր ցավակցություններն է հայտնել պետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին, զոհերի հարզատներին ու ողջ իրանական ժողովրդին: Կազվինի նահանգապետի տեղակալ Սիրոուս Սաբերին իրանական IRNA գործակալությանը հայտնել է, որ բանակային ստորաբաժանումներն արդեն սկսել են կործանված ինթնաթիռի «սեւ արկղերի» որոնումը:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 168 մարդ:
Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են:




























