Ռուսական ծագմամբ ֆինն օլիգարխ Բորիս Ռոտենբերգի շքեղ առանձնատունը Ֆինլանդիայի Հանկո քաղաքում ենթարկվել է հարկադիր բռնագրավման, հաղորդում է Yle-ն:
Գործարարի իրավաբանական ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, որ անշարժ գույքը կվերադարձվի:
Ըստ բռնագրավման գրանցամատյանից ստացված տեղեկության՝ գործարարը չի վճարել մի քանի հազար եվրոյի չափով գույքահարկ: Այդ գումարը փոքր է Ռոտենբերգի բազմամիլիոն դոլարանոց ակտիվների համեմատ, սակայն պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցին վերջին տարիներին չի կարողացել միջոցներ փոխանցել ֆիննական բանկային հաշիվներին:
Ավելի վաղ Ռոտենբերգի ընկերությանը պատկանող առևտրային գույքը, որը կոմունալ վճարումների համար պարտք էր ավելի քան 27 հազար եվրո, ևս ենթարկվել է հարկադիր բռնագրավման: Գործարարի իրավաբանական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող ֆին իրավաբան Միկկո Մանտերեն նշել է, որ առևտրային գույքի բռնագրավումը պարտքի մարումից հետո վերացվել է:
Yle-ին էլեկտրոնային նամակով պատասխանում Մանտերեն հավելել է, որ Հանկո առանձնատան հարցը ևս ներկայում «վերանայման փուլում է», և դրա նկատմամբ կիրառված միջոցները կհանվեն: Այս շաբաթվա սկզբի դրությամբ առգրավումը դեռևս ուժի մեջ էր։
Պարտքերի գանձման գործակալությանը նույնիսկ հաջողվել է Huutokaupat.com կայքի միջոցով վաճառել առևտրային հաստատություններից մեկը։
Ռոտենբերգի ակտիվները Ֆինլանդիայում առգրավվել են դեռևս 2022 թվականին, երբ գործարարը ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում: Առգրավումը (takavarikko) իրավաբանորեն նշանակում է, որ ակտիվները չեն կարող փոխանցվել, գրավադրվել կամ ոչնչացվել: Այլ կերպ ասած, ակտիվները փաստացի սառեցվել են, չնայած Ռոտենբերգը մնացել է դրանց պաշտոնական սեփականատերը։
Պարտապանի գույքի հարկադիր առգրավումը կամ կալանքը (ulosmittaus) ավելի կտրուկ միջոց է, քանի որ նման գույքը կարող է վաճառվել, իսկ ստացված գումարը օգտագործվել պարտքերը մարելու համար։





























