WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Շվեդիայում քրեական հայց է ներկայացրել Նոբելյան հիմնադրամի դեմ՝ մեղադրելով դրա հետ կապված մոտ 30 անձանց, որոնց թվում՝ կազմակերպության ղեկավարությանը, լուրջ ենթադրյալ հանցագործությունների մեջ, հաղորդում է WikiLeaks-ը։

Մեղադրանքներն են՝ միջոցների կոպիտ չարաշահում, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործություններին օժանդակություն և դրդում, ինչպես նաև ագրեսիայի հանցագործության ֆինանսավորում։

Հայցը վերաբերում է 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը Մարիա Կորինա Մաչադոյին շնորհելուն։ Ասանժը պնդում է, որ մրցանակի շնորհման որոշումը և 11 միլիոն շվեդական կրոնի առաջիկա փոխանցումը հակասում են Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակին, որը հստակորեն սահմանում է, որ մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր ամենամեծ ներդրումն են ունեցել ազգերի միջև եղբայրության, բանակների կրճատման և խաղաղության խթանման գործում։

Ասանժի խոսքով՝ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի քաղաքական որոշումը շվեդական հիմնադրամի կառավարիչներին չի ազատում իրենց հավատարմագրային պատասխանատվությունից։ Կտակին հակասող ցանկացած վճարում համարվում է միջոցների չարաշահում։

Հայցը միաժամանակ ներկայացվել է Շվեդիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալությանը և ռազմական հանցագործությունների հետաքննության բաժնին։ Այնտեղ պնդվում է, որ հիմնադրամի ղեկավարությունը, մասնավորապես նախագահ Աստրիդ Սյոդերբերգ Վիդինգը և գործադիր տնօրեն Հաննա Սյերնեն, «խաղաղության գործիքը վերածել են պատերազմի գործիքի»։

Ասանժը պնդում է, որ Մաչադոն իր հրապարակային հայտարարություններով և գործողություններով աջակցել և խրախուսել է ԱՄՆ ռազմական էսկալացիան Վենեսուելայի դեմ, մասնավորապես՝ զինված միջամտության ուղղակի կոչերով։ Նա պնդում է, որ Նոբելյան հիմնադրամի անդամները գիտեին կամ պետք է իմանային, որ մրցանակի վճարումը կարող է նպաստել միջազգային իրավունքի հետագա խախտումներին, որոնց թվում՝ խաղաղ բնակիչների մահվանը։

Հայցում ընդգծվում է, որ հիմնադրամը նախկինում միջամտել է վճարման գործընթացին՝ ժամանակավորապես կասեցնելով 2018 թվականի գրականության Նոբելյան մրցանակը, ինչը, ըստ Ասանժի, ապացուցում է, որ դրա համար ունի համապատասխան լիազորություններ։

Ասանժը պահանջում է մրցանակային միջոցների անհապաղ սառեցում, մեդալի բռնագրավում, ներգրավված անձանց քրեական հետաքննություն և, անհրաժեշտության դեպքում, նյութերի փոխանցում Միջազգային քրեական դատարան։ Նա ընդգծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը չի կարող օգտագործվել պատերազմ խթանելու համար։