Վատ լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան, էն օրը վարչապետը աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը՝ ուրիշ գին ա, եթե քարտով կվճարեք՝ ուրիշ գին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հակոբյանին։

«Էս կանխիկի հարցը պետք ա լուծենք։ Ժողովուրդ, ինչներիս է պետք կանխիկ փողը, մի հատ կարա՞ք բացատրեք, ի՞նչ են անում մարդիկ կանխիկով, կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում, ասենք ի՞նչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով։

Ծննդին նվեր ես ուզում տալ, հավելվածով, տեղում քարտով փոխանցում ես։ Այսինքն ի՞նչ կա, որ մեր նորմալ բնականոն կյանքում, որ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, որ հնարավոր չի անել անկանխիկով։ Մի հատ հլը գույքագրեք, թե ինչը հնարավոր չի անել անկանխիկով։

Ի՞նչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասեն՝ դե գիտես, ընգեր ջան, մեր մոտ այսպես ա,  եթե այսպես անեք, այսպես կանեք։ Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ ասածս ինչքանով է... փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ։

Քանի այսպես խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Փակվելու է այդ խանութը, առևտուր չի լինելու, մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու։

Ո՞նց կարող է երկրում այդպիսի բան լինի, որ մտնի խանութ այդպես պատասխանեն։ Այդքան համարձակություն ունե՞ն մարդիկ, այստեղ պետություն չկա՞, այստեղ կառավարություն չկա՞, Պետական եկամուտների կոմիտեի բան չկա, այս ի՞նչ ձև է ընդհանրապես»,– բարկացած հայտարարեց Փաշինյանը։